Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում են նաեւ ըստ բարձրության. բարձր` 70-150 սմ, միջին՝ 20-70 սմ ու ցածր՝ 5-20 սմ: Ըստ ցողունի կառուցվածքի ու տեսքի լինում են՝ ուղղաձիգ, ամուր, խավապատ, ճյուղավոր կամ խոնարհվող, ճկվող, հարթ, պարզ: Ինչպես նաեւ տարբերակում են` ըստ տերեւների ձեւի ու դասավորության, արմատի կառուցվածքի, ծաղկեպսակի երկարության ու բացվածքի չափի, մանուշակագույնի ու կապույտի երանգների և այլն: Ծաղկաբույլերը նման են՝ հասկի, հուրանի, ողկույզի, գնդիկի, վահանի: Կան նաեւ ցածրահասակ, միածաղիկ ցողուններով տեսակներ, որոնք աճում են ոչ մեծ խմբերով:
Բնության մեջ զանգակ ծաղիկները հանդիպում են միայն Հյուսիսային կիսագնդում, բնօրրանը՝ Հարավային Եվրոպայի, Փոքր Ասիայի ու Կովկասի լեռներն են: Տարածված է Միջերկրականի ափերին, Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայի արեւմուտքում, աճում են բոլոր կլիմայական գոտիներում:
Զանգակը որպես հոգեւոր մշակույթի տարր
Զանգակ ու ձայն բառերը վաղուց ի վեր դրոշմվել են բազմաթիվ ազգերի ենթագիտակցության մեջ` որպես հոմանիշներ: Մահմեդականները կարծում են, որ զանգակի ձայնն Աստծո սրտի բաբախման արձագանքն է: Տիբեթում զանգակը տաճարի բեմի կարեւոր ատրիբուտներից է, այն հիշեցնում է, որ Բուդդան միշտ արթուն է եւ պետք է կատարել նրա իմաստուն պատգամները:
Հավանաբար, որ բոլոր հայերին է հայտնի, որ Գրիգոր ու Բուդդա բառերն ունեն հոմանիշ իմաստ ՝«արթուն»: Առաջին զանգերը պատրաստվել են Չինաստանում Ք.ա. 20-րդ դարում: Ք.ա. 9-րդ դարում Ասորեստանում ձուլված զանգը ցուցադրված է Բրիտանական թանգարանում: Ըստ ավանդազրույցի, առաջին եկեղեցական զանգը ձուլվել է Իտալիայի Կամպանա մարզի Նոլա քաղաքում (Վ. Վետվիչկա, Растения полей и лесов) մոտավորապես 1600 տարի առաջ: Այն պատվիրել էր տեղի քրիստոնյա քահանան, ով Աստծո կամքով լսել էր մեղմ քամուց տատանվող դաշտային զանգակ ծաղիկների «նվագած» մեղեդին:
Զանգակն ընդգրկված է կելտական օրացույց գուշակարանում, որը հունիսի 1-11-ը ծնվածների ծաղիկն է, դրուիդները կարծում են, որ զանգակ-մարդը հաջողակ է բոլոր ոլորտներում: Ըստ հնագույն հավատալիքի, միակ օրը, երբ մարդուն շնորհված է լսել զանգակ-բույսի ձայնը՝ Հովհաննես Մկրտչի տոնն է: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հավաքել զանգակ ծաղիկը Լուսնի 1-ին քառորդում ՝ լուսաբացին, երբ արեւը Առյուծի 1-ին տասնօրյակում է: Բույսից կտրված մասը պետք է լինի դաստակից կարճ: Հայտնի է, որ բնական տեսակներից 12-ն անհետացման եզրին են, իսկ «12»-ը Շումերի ժամանակներից մինչեւ մեր օրերը համարվում է տիեզերական կարգի խորհրդանիշ:
Հայերեն այլ անվանումներն են` բոժոժիկ, կաթնեղինճ, գեղձաբույս եւ այլն: Պատմական Հայաստանը զանգակ ծաղիկների բնօրրաններից է, ՀՀ տարածքում հանդիպում են դրանցից 21-ը, որոնցից բնաշխարհիկ են՝ Կարակուշին (Վայոց ձոր,) ու Մասալսկու (Արագածոտն, Արտենի) տեսակները: Ի դեպ, իշխան Ն.Ֆ. Մասալսկին մասնակցել է 1877թ. ռուս-թուրքական պատերազմին որպես հրետանու հրամանատար: Զ. միամյա (C.erinus) տեսակն աճում է Սյունիքի մարզում, կրաքարային հողերի վրա, ժայռերի ճեղքերում: Հայտնի են ընդամենը 3 այլ միամյա տեսակներ, որոնցից երկուսը (զ. եղանաձեւ (C.dichotoma) ու զ. երկարասռնակ (C. longistyla) բնաշխարհիկ են Կովկասում, իսկ երրորդն աճում է Հիմալայներում ու Պամիրում:
ՀՀ տարածքում աճող զանգակ ծաղկի որոշ տեսակներ
Զ. Երկարատերեւ (C.oblongifolia)՝ Լոռու անտառներ, զ. Օշեի (C.aucheri)՝ Փամբակի լեռներ, զ. Բովերի (C.beauverdiana Fomin) ու զ. գանգուր (C. Crispa Lam)՝ Գեղամա լեռներ, զ. Բայերնի (C.bayerniana Rupr.)՝ Ջերմուկ:
Զանգակ եռաբաժան (C.tridentata): Տարածված է Գեղամա լեռներում, աճում է հոծ խմբերով` հավերժական ձյան հարեւանությամբ, ալպյան մարգագետիններում: Բազմամյա, մինչեւ 10 սմ բարձրությամբ բույս է: Վարդակի տերեւների գագաթը եռաբաժան է: Սակավաթիվ ծաղկակիր ցողունները խոնարհվող են, մինչեւ 20 սմ բարձրությամբ, 1-ական մուգ մանուշակագույն ծաղիկով:
Զանգակ լայնատերեւ (C.latifolia): Տարածված է Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի խառը լայնատերեւ ու փշատերեւ անտառներում, գետերի ափին, մինչեւ ալպյան գոտի: Ցողունը հարթ է, երկայնքով` բծավոր, 1-1.5 մ բարձրությամբ: Տերեւները սղոցաեզր են, երկարությունը՝ 7-12սմ, լայնքը՝ 3-6սմ, որոնք ցողունի հիմքում երկարակոթուն են, ստորին մասում` կարճակոթուն, ձվաձեւ սրված, իսկ վերինները` նստադիր ու ավելի նեղ: Միայնակ ծաղիկները տեղակայված են գագաթային տերեւների ծոցերում, ծաղկաբույլը հասկանման ողկույզ է: Տանձաձեւ, մուգ կանաչ ծաղկաբաժակի ներսում կան նուրբ, երկար մազիկներ: Կապույտ, երկնագույն կամ գրեթե սպիտակ ծաղկեպսակի չձուլված մասը փոքր-ինչ հակառակ ծալված է, տրամագիծը 6 սմ է: Ծաղկում է հունիս-օգոստոսին, տուփիկանման պտուղները հասունանում են օգօստոսին: Սերմերը ձվաձեւ են, տափակ, բաց դեղին, որոնք ծլում են հաջորդ տարվա գարնանը կամ 2-3 տարի անց: Ընդունակ է ինքնափոշոտման: Նախընտրում է չափավոր խոնավ, հարուստ հողեր ու ստվերոտ տեղանք: Արմատը բազմաթիվ երկրորդական մազարմատներ ունեցող հյութեղ կոճղարմատ է: Ըստ Լ.Վ. Հարությունյանի հնարավոր է մշակել ՀՀ բոլոր կլիմայական գոտիներում որպես վայրի բանջար, դեղատու ու դեկորատիվ բույս: Սովորաբար հավաքում են հունիսին, երբ թարմ բույսի 100 գ կանաչ զանգվածը պարունակում է ավելի քան 200 մգ ասկորբինաթթու ու 369 մկգ կարոտինային նյութեր, իսկ արմատում` փրփրանյութեր եւ այլն: Ցողունն ու արմատը պարունակում են 0.5%, տերեւը` 1% կաուչուկ, կաթնային հյութի մեջ: Մշակվում է 1576 թվականից:
Զ. հոծախիտ (C.glomerata): Տարածված է հատկապես Իրանում: Աճում է լեռներում, լուսավոր բացատներում, թփուտներում: Ցողունն ուղղաձիգ է, նոսր ճյուղավորված՝ 40-70 սմ բարձրությամբ: Տերեւները հերթադիր են: Ծաղկեպսակը մուգ մանուշակագույն կամ բաց երկնագույն է, 2 սմ տրամագծով: Ծաղիկները՝ թվով մինչեւ 20, հավաքված են ցողունի գագաթում, գլխիկանման ծաղկաբույլի մեջ կամ տերեւածոցերում: Ծաղկում է հունիս-հուլիսին՝ 30-35 օր: Պտղաբերելուց հետո ցողունը չորանում է, սակայն մինչ այդ առաջանում են բազմաթիվ նոր վարդակներ: Բազմացնում են սերմերով կամ վարդակի բաժանումով: Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ: Մշակվում է 1561 թվականից:
Զ. բողկանման (C.rapunculoides): Աճում է անտառաեզրերին, դաշտերում: Արմատը ճյուղավորվող է, հաճախ՝ ստորգետնյա ցողունավոր: Ըստ Ռ.Ս. Կարապետյանի («Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս») աղբոտում է հացաբույսերի ցանքերը: Տերեւները հանդիպակաց են, որոնց ծոցերում՝ ցողունի վերին մասում, միակողմանի աճում են մուգ մանուշակագույն ծաղիկները:
Զ. կաթնածաղկավոր (C.lactiflora): Տարածված է Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքից մինչեւ Իրանի հյուսիս-արեւմուտք ու Կովկաս: Աճում է վերին անտառային ու ալպյան գոտիներում: Երկարակյաց տեսակ է, բնության մեջ ապրում է մինչեւ 20, իսկ մշակովին՝ 12 տարի: Խոշոր, բուրավետ, կաթնաճերմակ, ողկուզաձեւ ծաղկաբույլերը կազմում են հոծ փնջեր: Ծաղկում է հունիս-օգոստոսին, մեղրատվությունը բարձր է: Մշակվում է 1814 թվականից:
Զ. Սխտորուկատերեւ (C.alliariifolia): Գ.Ի. Խալիպովան («Интродукционное изучение мировой флоры колокольчиков») անվանում է «Колокольчик арамифолия»: Տարածված է Տավուշի, Լոռի մարզերում, քարքարոտ ավազուտային հողերի վրա: Ծաղկեպսակը կիտրոնագույն է:
Քիմիական բաղադրությունը
Համեմատաբար լավ են ուսումնասիրված զանգակներ հոծախիտն ու եղնջատերեւը: Պարունակում են զգալի քանակությամբ ասկորբինաթթու, նաեւ` կարոտին, ֆլավոններ՝ կեմպֆերոլ ու կվերցետին, սուրճի եւ կումարի թթուներ, գլիկոզիդներ, ալկալոիդներ, դաբաղող ու խեժանյութեր: Մուգ կապտա-մանուշակագույն ծաղկաթերթերը պարունակում են անտոցիաններ: Ըստ որոշ տվյալների, զանգակ բողկանմանը հարուստ է E վիտամինով:
Դեղաբանական հատկությունները
Զանգակներից շատերն ունեն հակաբորբոքային, հակամանրէային, հանգստացնող, ցավազրկող, հակասկլերոտիկ, հիշողությունը լավացնող, հակատոքսիկ ազդեցություն:
Ավիցենան խորհուրդ է տվել սպիտակաթորանքի դեմ. հավաքել մանուշակագույն զանգակը, չորացնել խոտն ու երեկոյան խմել որպես թեյ: Հնում զանգակն օգտագործել են սիֆիլիսի բուժման գործընթացում: Միջատների խայթոցի կամ շան կծածի դեպքում վերքին դրել են եփած խոտը: Ժողովրդական բժշկության մեջ առավել լայն տարածում ունի զանգակ հոծախիտը՝ ստոմատիտի, գլխացավի, բկաբորբի, մաշկի բորբոքային հիվանդությունների դեպքում, խորհուրդ է տրվում կատարել ողողումներ կամ դնել թրջոց բույսի վերնամասի թուրմով: Տենդի, մկանային ցավերի, աթերոսկլերոզի, փորկապության, գլաուկոմայի, դեղնախտի, ստամոքսաբորբի դեմ օգտակար է խմել պտղի ու խոտի եփուկները, իսկ ծաղիկի կամ վերնամասի եփուկով լողացնում են չափազանց աշխույժ (հիպերակտիվ) երեխաներին ու էպիլեպտիկ նոպաներ ունեցողներին: Փոշիացրած խոտի յուղամզվածքով բուժում են պառկելախոցի հետեւանքով վնասված մաշկը: Ըստ Գ.Վ. Լավրենովայի, բոլոր վերոգրյալ դեպքերում կարելի է օգտագործել նաեւ զանգակ եղնջատերեւը:
Հավաքելու եւ պահելու կարգը
Որպես բուժահումք են ծառայում ցողունը, տերեւը եւ ծաղիկը: Հավաքում են ծաղկման շրջանում: Չորացնում են ստվերում ու անմիջապես մանրացնում՝ 0.5-1 սմ չափով մասերի: Կարելի է չորացնել փռված կամ փնջերով` կախած դիրքով: Ծաղկման շրջանի վերջում մթերում են նաեւ պտուղը` սերմերի հետ միասին: Պահեք չոր, հով տեղում, 1-2 տարի:
Դեղատոմսեր
Զանգակ բոլոնյանն էպիլեպտիկ նոպանրի դեմ. 3 ճ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 60-ական մլ, օրը 4 անգամ:
Զանգակ բողկանմանի հյութը կերակրող մայրերի համար. խոտն աղացեք, զտեք հյութը, 1 թ.գ. լուծեք 500 մլ եռջրի մեջ: Խմեք100-ական մլ, օրը 5 անգամ, գոլ վիճակում:
Զանգակ կլորատերեւ (C. rotundifolia): Ոգեթուրմ. թարմ խոտը մանրացրեք, 15 օր թրմեք օղու մեջ, քամեք: 1 թ.գ. լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ անգինայի, մրսածության դեպքում: Ծաղիկի թուրմն օգտակար է էպիլեպտիկ նոպաների ժամանակ:
Անքնություն, բկաբորբ. 1 թ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Կատարեք ողողումներ ստոմատիտի, բկաբորբի, մրսածության դեպքում:
Էպիլեպտիկ նոպաներ. 2 թ.գ. չոր խոտը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք, խառնեք լոգարանի ջրին:
Գլխացավ, ստամոքսաբորբ, առատ դաշտան. 2 թ.գ. չոր խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, հումքը մզեք, հեղուկն ավելացրեք թուրմի մեջ ու վերականգնեք նախնական ծավալը, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պահեք սառնարանում մինչեւ 48 ժամ, խմելուց առաջ թափահարեք տարան:
Գլխացավ. ծաղիկը փոշիացրեք, 1 թ.գ. 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում՝ ջերմապահի մեջ, եւս 15 րոպե թրմեք փակ տարայում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ: Խորհուրդ է տրվում խմել նաեւ էնդեմիկ խպիպի, ստամոքսի ու արգանդի ցավերի, առատ, ցավոտ դաշտանի դեպքում:
Կարծրախտ, հիշողությունը լավացնող. սերմը տրորեք, դանակի ծայրով վերցրեք 0.25-0.3 գ ու խառնեք 100 մլ եռջրին: Խմեք տաք վիճակում, կատարեք օրը 2 անգամ:
Կաթված, թերանդամալուծություն (парез), իշեմիա. 1 թ.գ. չոր ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, պահեք տաք տեղում, քամեք: Խմեք 1-2 ճ.գ., օրը 2-3 անգամ:
Ալերգիկ ցան, նյարդային անհանգստություն. խառնեք զանգակի ծաղիկն ու կատվալեզու եռաբաժանի խոտը (1:1): 2 թ.գ. չոր հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Լուծեք գոլ ջրի մեջ ու լողացրեք երեխային:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է հղիներին:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն